Խորամանկ Բուրատինոն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 26, 2023

Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և
7
օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,
8
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը
սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։
9
Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։
Առաջին ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագահ
էր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի
կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ
նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա
այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին
նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով
կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ
կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում
Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն
երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր,
ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։
Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից…
Դա շատ մեծ տոնակատարություն էր։
Երկրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ որքան հարստանում էր,
այնքան ավելի ագահ էր դառնում։ Հուշարարը, որ գիշեր-ցերեկ աշխատում էր՝ նորանոր ստեր
հորինելով, վաղուց խնդրում էր տիրոջը, որ աշխատավարձը բարձրացնի, բայց Բուրատինոն
ամեն անգամ մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար։
10
– Լավ ես սովորել՝ հավելավճար պահանջել, իսկ երեկ ինձ հազիվ մի երեքսոլդոյանոց սուտ
տվեցիր՝ քիթս ընդամենը տասներկու միլիմետր էր աճել։ Այսպիսի կտորից ատամմաքրիչ էլ չես
սարքի։
– Ես ընտանիք ունեմ,- բացատրում էր հուշարարը,- իսկ կարտոֆիլը թանկացել է։
– Բայց բլիթներն էժանացել են։ Ինչո՞ւ չես ուզում կարտոֆիլի փոխարեն բլիթ գնել։
Ի վերջո հուշարարը սկսեց ատել տիրոջը և որոշեց վրեժ լուծել։
– Ես նրան ցույց կտամ,- սպառնաց նա՝ նոր ստեր գրի առնելով թերթիկների վրա։
Մի անգամ թերթիկներից մեկի վրա նա ակամա գրեց. «Պինոքիոյի արկածների» հեղինակը
Կառլո Կոլոդին է, իսկ «Ոսկե բանալին» գրել է Ալեքսեյ Տոլստոյը»։ Այդ թերթիկն ընկավ ստերով
թերթիկների մեջ։ Իսկ Բուրատինոն, որ ամբողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, մտածեց, որ
սա էլ մյուսների նման հուշարարի հորինած ստերից է, մտքում պահեց այն, որ պետք եղած
դեպքում ասի։
Հենց այսպես պատահեց, որ նա կյանքում առաջին անգամ, ակամայից ճշմարտություն
ասաց։ Բայց հենց այդ պահին այն փայտակտորները, որ հայտնվել էին նրա ստերի արդյունքում,
փոշի ու թեփ դարձան, անհետացավ նաև նրա ողջ հարստությունը, ոնց որ ջուրը քշի-տանի։
Բուրատինոն նորից դարձավ աղքատ, հայտնվեց իր հին տանը, որտեղ նույնիսկ աթոռ չկար,
անգամ մի թաշկինակ, որով նա կարողանար արցունքները սրբել։
Երրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ
խոսեր։
– Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ
բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն է։
– Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
– Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես ձերը չեն։
– Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
– Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
11
Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը,
ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն
կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
– Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
– Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք
տալ քթիս։
– Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց,
փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։
Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ
անգամ չուներ։

Չորրորդ  ավարտ

Բուրատինոն  լոտո  գնեց  իր  ամբողջ  գումարով   և  չշահեց։Իր  գործարանից  բոլորը  դուրս  եկան  և  նա  մնաց  մենակ։Նա  շատ  էր  տխրել։Նա  հասկացավ,որ  պետք  չէ  փողը  միանգամից  ծախսել  այլ  պետք  է   խելքով   աշխատել  և  ծախսել։

Write a comment

Skip to toolbar