Անխելք մարդը

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on February 27, 2021

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում Էր, որքան չարչարվում Էր, դարձյալ միևնույն աղքատն Էր մնում:

 

Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ:

 

Ճանապարհին մի գայլ պատահեց.

 

— Առաջ բարի, մարդ-ախպեր, ուր ես գնում, -հարցրեց գայլը:

 

— Գնում եմ աստծու մոտ, — պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու:

 

—Դե որ գնաս աստծու մոտ, – խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա. գիշեր ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա մինչև երբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչու չես կերակուր հասցնում:

 

– Լավ, – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը: Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:

 

— Ո՞ւր ես գնում, ախպեր, —հարցրեց աղջիկը:

 

— Գնում եմ աստծու մոտ:

 

—Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա ջահել, առողջ, հարուստ – բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան – ի՞նչ պիտի լինի նրա ճարը:

 

— Կասեմ, – խոստացավ ճամփորդն ու գնաց: Պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:

 

— Ո՞ւր ես գնում, այ ճամփորդ, – հարցրեց չոր ծառը:

 

— Գնում եմ աստծու մոտ:

 

—Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, – խնդրեց չոր ծառը, – աստծուն կասես, այս ինչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. երբ պետք է ես էլ կանաչեմ:

 

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը:

 

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:

 

— Բարի օր, – ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:

 

— Բարով եկար, — պատասխանեց աստված, — ինչ ես ուզում:

 

— Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլի չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են:

 

– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելիր, – ասաց աստված:

 

– էլ բան ունեմ ասելու, տե՛ր, – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:

 

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:

 

Վերադարձին պատահեց չոր ծառին:

 

– Ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց չոր ծառը:

 

– Ասաց, քո՜տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ, – պատմեց մարդը:

 

– էլ ուր ես գնում, արի ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլհնի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ:

 

– Չէ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, – պատասխանեց աղքա¬տը, – աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, —ասաց ու գնաց:

 

հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

 

– Ի՞նչ լուր բերիր ինձ համար:

 

– Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես:

 

– Դե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, -թախանձեց աղջիկը ճամփորդին:

 

– Չէ, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, – ասաց աղքատն ու հեռացավ:

 

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

 

– Հը, աստված ի՞նչ ասաց:

 

– Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչու է գարուն, ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց. — աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի – կբախտավորվի, ծառին էլ ասա քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:

 

– Իսկ ինձ համար ինչ ասաց աստված, – հարցրեց սոված գայլը:

 

– Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս:

 

– էլ քեզանից անխելք մարդ որտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Անծանոթ  բառեր՝դարդ-հոգս, բուսել-աճել, ալևոր-ծերունի,ավար չանել-չթալանել, թախանձեց- խնդրեց,մտիկ անել-նայել,ապսպրել-պատվիրել։

Ուղղագրական արժեք ներկայացնող բառեր՝ աղքատ,մարդ, որքան, դարձյալ, միևնույն, երբ, խնդրեմ,ճանապարհ,առաջ,մինչև,աղջիկ,առողջ, Ճամփորդ,բարձր,մեջք,առաջին,վերադարձ,արմատներդ,ոսկի,օգուտ,երջանիկ,որտեղից։

 

Write a comment

Skip to toolbar