Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը
:Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանիները: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր:
Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տարբերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հողում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտերիաներ):
Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիաները վնասակար են:
Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանությունում:
Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:
Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը։Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով: Սնկերը բակտերիաներից մեծ են, բազմաբջիջ և ունեն տարբեր ձևեր: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկեր ունեն գլխիկ և ոտիկ: Սնկերն ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ:
2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը: Նա ստեղծել է մանրադիտակը, որով տեսել է բակտերիաները:
3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Բակտերիաները լինում են տարբեր ձևի (ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն), չափսի և գույների: Դրանք պատված են հատուկ կառույցով, որը դրանց պաշտպանում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:
4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը: Իսկ վնասակար բակտերիաները փչացնում են տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Ուտելի սնկեր են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ թունավոր սնկերը վնասում են բույսերին և կենդանիներին, օրինակ՝ ճանճասպանը, գունատ ճանճասպանը։
8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդությունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
Վնասակար բակտերիաները և սնկերը վնասում են մարդուն և հարուցում են հիվանդություններ: Հիգիենայի կանոնների հետևելը և ճիշտ սնվելը օգնում են կանխարգելել այս հիվանդությունները:
Բակտերիաների հիվանդածնությունը բնության մեջ հայտնաբերված մեծ քանակությամբ բակտերիաների փոքրաթիվ մասն է ախտածին։ Օրգանիզմի պաշտպանական պատնեշների հաղթահարումը, նրա հյուսվածքների մեջ ներխուժումը և թունավոր նյութեր արտադրելը կազմում է բակտերիաների հիվանդածնությունը։Օրինակ մի շարք հիվանդությունները՝ (դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ և այլն։Մաշկի սնկազարություններ դերմաաոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով ախտահարվելիս։
Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրել։ Ոտքերը լվանալ օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացնել։ Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով։ Պարբերաբար փոխել գուլպաները՝ նախապատվությունը տալով բնականին։ Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ չօգտագործել (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին)։ Հնարավորության դեպքում ընտրել կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ։
9. Հիվանդածին բակտերիաներ կարող են տարածվել բերանում, հանգեցնել բորբոքման: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ինչո՞ւ, փորձեք հասկանալ և բացատրել:
Եթե ատամները ամեն օր չմաքրենք, բերանի վնասակար բակտերիաները կսնվեն ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով, կբազմանան և կվնասեն մեր ատամները, լնդերը:
Օրվա մեջ առնվազն երկու անգամ՝ առավոտյան, մինչև նախաճաշելը և ուշ երեկոյան, մինչև անկողին մտնելը խոզանակով և մածուկով առնվազն 2 րոպե տևողությամբ մանրակրկիտ կերպով մաքրել ատամները:
Երբեք խոզանակով չմաքրել ատամները սնունդ ընդունելուց անմիջապես հետո, այլապես կարող են վնասել ատամները, հատկապես, եթե կերել եք միրգ կամ խմել եք ըմպելիքներ, գինի կամ թթու պարունակող այլ մթերքներ:
Պատճառն այն է, որ թթվային միջավայրում ատամների էմալը կարող է քիչ փափկել և խոզանակով մաքրելիս՝ վնասվել: Դրա փոխարեն, սնունդ ընդունելուց հետո հետաձգել ատամների մաքրումը մոտ 1 ժամ՝ հնարավորություն տալով, որ թուքը հասցնի չեզոքացնել թթուն:
Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարածված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:
Մուլտֆիլմ
Թունավոր սնկեր
Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին
1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:
5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:
6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:
7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:
10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:
11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:
12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:
13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:
14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:
15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին: